Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Ապրիլի 18-ին Արցախում նշվեց հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, որն այս տարի համընկել էր նաև Տիգրանակերտի արշավախմբի  գործունեության տասնամյակի հետ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը կազմակերպել էր միջոցառումներ՝ նվիրված այդ օրվան:

 

Հարկ է նշել նաև, որ այդ օրերին Արցախում էր գտնվում նաև աշխարհահռչակ գրող, <<Արտույտների ագարակը>>  գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը, ով դասախոսությամբ հանդես եկավ Արցախի պետական համալսարանում, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

 

 Արդեն ավանդույթ դարձած հնագիտական հանձնաժողովի ամենամյա նիստն ազդարարել էր Արցախում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների սկիզբը:

 

  Օրվան նվիրված միջոցառումների շարքում էր նաև monuments.nkr.am կայքի շնորհանդեսը, որը կոչված է դառնալ յուրօրինակ տեղեկատու Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին:

 

 Ավանդույթ դարձած միջոցառումներից էր պարգևատրման արարողությունը` ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում ունեցած ներդրումների համար: Այսպես, ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով պարգևատրվել են Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի անդամները, իսկ  ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության պատմական միջավայրի պահպանության վարչության պետի շնորհակալագրերի են արժանացել պատմական միջավայրի պահպանությանն աջակցող քաղաքացիները:

 

Հանդիպան վերջում ելույթ ունեցավ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը՝ նշելով հուշարձանների պահպանության կարևորությունը հայ ազգի անցյալի պահպանման և պատմական ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու գործում:

 

Հարկ է նշել, որ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը պաշտոնապես ընդունվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1983 թվականին: Այն նշվում է ամեն տարի ապրիլի 18-ին: Օրվա գլխավոր խնդիրն ու նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հուշարձանների նկատմամբ և շեշտել հուշարձանների կարևորությունը համաշխարհային պատմության և մշակույթի պահպանման գործում:

 

karabakh.travel

1