Եռագույնի նվիրյալը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եռագույնի նվիրյալը

Եռագույնի նվիրյալը

/Ծննդյան 56-ամյակի կապակցությամբ/

 

Կան մարդիկ, որոնց անուններն արդեն իսկ պատմություն են՝ կտակված գալիքին, հավերժությանը: Նման մարդիկ, առհասարակ,  համեստ են իրենց կերպարով ու ապրած կյանքով: Այդպիսիններն ազգի հպարտանքն են…

 

Թելման Հարությունյան.  արցախցուն հատուկ ու արցախցուն վայել արիության մարմնացում: Էությամբ համեստ այս մարդու մասին խոսելիս միաժամանակ ձգտում ես նրա կատարածի արժևորման ու օրինակելի կերպարի նկարագրման մեջ լինել համեստ: Համեստությունը  նրա մեծագույն հարստությունն  էր:

 

Թելման Հարությունյան անունը շատերին հիշեցնում է Արցախյան շարժման ծլարձակումը, ավելի հստակ՝ 1988-ի հունիսի 21-ը, երբ առաջին անգամ <<Միացու՜մ>> գոչող  ամբոխի աչքի առաջ երիտասարդը հանելուկային կերպով հայտնվեց Մարզգործկոմի շենքին ու կայծակնային արագությամբ դեն նետեց ադրբեջանական դրոշը՝  փոխարենը դնելով հայկական Եռագույնը: Ականատես մարդկանց մե՛րթ հիացական, մե՛րթ զարմացական, մե՛րթ վախեցած ձայները հարցնում էին՝ ո՞վ է, հա՞յ է, ինչպե՞ս բարձրացավ…Ոմանք քարացած ծափահարում էին, ու թվում էր՝ դեն նետված դրոշի հետ դեն էին շպրտվել 70 տարիների արցախցու համբերության ու բռնության շղթաները:

 

Այդ համարձակ քայլից 20 տարի անց նա մի օր պիտի անկեղծանար. <<Մարզգործկոմի շենքին կից դպրոց կար, որտեղով բարձրացել եմ տանիք: Գաղտնագողի սողալով տանիքի վրայով՝ մոտեցել եմ  դրոշին, ապա պատռելով՝ հանել այն, շպրտել՝ տեղում ամրացնելով Եռագույնը: Դեռ չէի հասցրել հեռանալ, երբ 8-9 խորհրդային զինվոր բարձրացան տանիք, փորձեցին բռնել, սակայն՝ չկարողացան, հասցրի փախչել եկածս ճանապարհով…>>: Դրոշը բարձրացնելու և փախուստի պահերը խորհրդային ՊԱԿ-ը հասցրել էր լուսանկարել: Կնոջ՝ տիկին Սվետայի ալբոմում պահվում են պատմական պահն արձանագրող երկու լուսանկարներ, որոնք նրան էին հանձնել ամուսնու դատավարությունից հետո: Դատավորը դրանք մեկնել է տիկնոջն ու ասել. <<Վերցրեք սրանք, այս լուսանկարները պատմություն են, սերունդներին պետք կգան…>>:

 

 Նրան ուժ էր տալիս   մի պայծառ նպատակ, որը միայն իրենը չէր, այլ բոլորինը, ժողովրդինը: Նրա նպատակը նահանջ չէր ճանաչում, ուստի դեպքին հաջորդած հետապնդումներն ու ձերբակալությունները, ապա և դատավարությունը թեև առողջապես կոտրեցին նրան, սակայն հոգով  մնաց հաղթող՝ Արցախի լուսավոր ազատությունը տեսնելու վճռականությամբ զինված:

 

Ամուսնու մասին խոսելիս տիկին Սվետան զսպում է հուզմունքը, հիշում՝ ամուսինը պատգամել էր երբեք տուրք չտալ արցունքներին, թևաթափ չլինել, չընկրկել ճակատագրի առաջ:

 

<<Թելմանն այն հերոսներից է, ովքեր կարիք չունեն ավելորդ երանգավորումների: Նա համեստությամբ ապրել է մեր կողքին՝ իր ուրույն ներդրումն ունենալով Արցախյան ազգային-ազատագրական շարժման գործում: 1988թ-ի հունիսի 21-ի նրա արարքը պատմական իրադարձություն էր: Նման <<հանդգնություն>> այդ ժամանակ շատ քչերին էր հատուկ, բայց Թելմանը դա կատարեց ՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ դա կունենա>>,- մի առիթով պատմել է Արցախյան շարժման մասնակից, Թելմանի մտերիմ ընկեր Աշոտ Սարգսյանը:

 

Իսկ Շարժման ակունքներում կանգնած մեկ այլ ակտիվիստ՝ Արկադի Կարապետյանը,  նրա մասին ասել է. <<Ժողովրդի սրտում մեծ հնչեղություն ունեցավ այդ քայլը, քանզի դա պայքարի մի նոր լիցք, մի նոր թափ հաղորդեց ազատություն տենչող մարդկանց>>:

 

1990 թվականից Թելմանն անդամագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ երդում տալով ՀՅԴ Կանոնագրին ու Ծրագրին՝ պատվով ու նվիրումով ծառայելու իրեն ծնած ազգին ու հայրենիքին: Ու նա քայլեց այդ իսկ ճանապարհով՝ հավատարիմ մնալով  որդեգրած գաղափարին:

 

«Երբ ասում են գաղափարի մարտիկ, մի քանի մարդկանց դեմքեր են գծագրվում աչքիս, որոնցից մեկը Թելմանն է, որն իր փոքր հասակին, իր փոքր մարմնին ի հակակշիռ՝ գաղափարի մարտիկ էր բառիս բուն իմաստով>>,- ասում է Թելմանին ճանաչած, Շարժման ու պատերազմի մասնակից, բանաստեղծ, լրագրող Արմեն Դանիելյանը, ապա ավելացնում, որ որեւէ հոգեբանական իրավիճակում, երբ մարդկանց մի հատված ընկճվում էր, նա երբեք չէր ընկճվում, ոգեպես ուժեղ էր, քան՝ շատ-շատերը, ովքեր ֆիզիկապես ուժեղ էին երեւում: Նա ոգու մարմնացում էր:

 

Թելման Հարությունյան անունը միայն մեկ արարքով, մեկ խիզախությամբ չէ, որ նշանավորվում է: Նրա կյանքն ու կենսագրությունը մի ամբողջ հայրենասիրական դաս է, որն այդպես էլ դրոշմվեց նրան ճանաչած մարդկանց սրտերում ու հիշողություններում, իսկ նոր սերունդը շատ բան ունի նրանից ընդօրինակելու:

 

1992 թվականին Թելմանը ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի հրամանով նշանակվել էր  Սեյսուլան, Յարմջա, Ղազանչի գյուղերի լիազոր ներկայացուցիչ:

 

Պատերազմից հետո էլ նա մնաց մարտիկ, իր ժողովրդի բարօրության ու հայրենիքի բարգավաճման համար պայքարող մարտիկ: Երկար տարիներ աշխատելով ԼՂՀ վերաբնակեցման վարչությունում, ինչպես պատմում են նրա աշխատանքային կոլեկտիվում՝ ջանք ու եռանդ չէր խնայում իր հնարավոր ներդրումն ունենալու Արցախի վերաբնակեցման գործում, թեեւ այդ տարիներին բժիշկները նրա մոտ մահացու հիվանդություն էին հայտնաբերել: Նրան հանգիստ եւ անդորր էր հարկավոր, սակայն նա ժամանակ էր գտնում այցելելու արցախյան գյուղերը, ծանոթանալու մարդկանց մտահոգող խնդիրներին, ներկայացնելու դրանք, իր ավանդն ունենալու դրանց հաղթահարման աշխատանքներում:

 

Ընդամենը 49 տարիների կյանք էր նրան վիճակված, սակայն նրա ապրած կարճ կյանքը լոկ տարիների հանրագումար չէր. նա կարողացավ բովանդակալից ապրել Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրը՝ մարդկանց հետ, մարդկանց կողքին միշտ Մարդ մնալով: Հետաքրքիր, բարությամբ փայլող այս մարդը հստակ գիտակցում էր ճակատագրի՝ իր հանդեպ  դաժան խաղը, գիտեր՝ կյանքի վախճանը չի ուշանալու, սակայն ճակատագիրն անգամ անկարող էր կոտրել խիզախին: Նա համառորեն ոտքի էր ելնում, աշխատում, գործում՝ արհամարհելով մարմինը կեղեքող հիվանդությունը:

 

«Մայր հողի հանդեպ սերը նա սերմանել է նաեւ զավակների մեջ: Պարտավորեցնում էր, որ դառնան հայրենիքի համար պիտանի մարդ, բարձրագույն կրթություն ստանան ռազմական բուհերում եւ լավ տիրապետեն մարտական գործին, քանզի հայի համար պատերազմները շարունակվում են անգամ խաղաղության ժամանակ…>>- պատմում է տիկին Սվետան,  նշում, որ որդիները հոր պատգամներով են կյանքում առաջնորդվում, հիշում նրա յուրաքանչյուր խոսքն ու խրատը: Արդեն գիտեն, թե ինչը կողջուներ հայրը եւ ինչը կհանդիմաներ:

 

Իր՝ համարյա բոլոր լուսանկարներում ընկեր Թելմանը ժպտում է՝ աչքերում ունենալով  բարության այն լույսը, որ շռայլում էր ծանոթ-անծանոթին: Այդպիսին էլ նա մնաց հարազատների, ընկերների ու բոլոր նրանց հիշողություններում, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու Թելման Հարությունյան անունով արցախցուն, որի կյանքը նվիրվում էր իր ազգին ու գաղափարին:

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1