Լոս Անջելեսի քաղաքական խորհրդի անդամները կոչ են անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լոս Անջելեսի քաղաքական խորհրդի անդամները կոչ են անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքական խորհրդի անդամները կոչ են անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Միթչ Օ’Ֆարելը, Փոլ Քորեթսն ու քաղխորհրդի նախագահ Հերբ Վեսոնը համատեղ բանաձև են ներկայացրել՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 154-րդ «Ճշմարտություն և Արդարություն» անվանումով բանաձևին, տեղեկացնում է Asbarez-ը:   Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու Ցեղասպանության շարունակվող հետևանքները:

 

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում:

 

1915-1923 թթ.-ին իրականացված Ցեղասպանության հետևանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է, 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են, և վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքից:   Հայոց ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների և ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն և հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և այլ երկրների ազգային արխիվներում:   Լոս Անջելեսն աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկի և Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների տունն է:

 

Կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ կառավարությունը պատշաճ կերպով ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն ելնելով բարոյական սկզբունքներից, այլև օգնի կանխել ապագայում նման վայրագությունները: «Ճշմարտություն և Արդարություն» բանաձևը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյուիդ Վալադաուն և Ֆրենկ Փելոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին` խթանելու հայ-թուրքական հարաբերությունները:   Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր իսկ հայտարարությունն առ այն, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք, կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»:

 

Բանաձևը կոչ է անում Օբամայի վարչակազմին ճնշում բանեցնել Թուրքիայի նկատմամբ` լիարժեք ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները, գրված է քաղխորհրդի անդամների ներկայացրած բանաձևում:   Այն ապագայում կուղարկվի Քաղխորհուրդ՝ քվեարկության համար: 

1