Մեծ Բրիտանիայի խորհրդարանականն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեծ Բրիտանիայի խորհրդարանականն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միության բրիտանական խմբի նախագահ  Ջոն Ուիթինգդեյլը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, կլինի Երևանում: Այս մասին բրիտանացի պատգամավորը նշել է «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման ժամանակաշրջանը համընկել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ընթացքի հետ: Ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 24-ից երկու շաբաթ անց: Ուստի դա դժվարացնում է բրիտանացի խորհրդարանականների այցը: Սակայն ես այցելելու եմ Երևանում կայանալիք արարողությանը»,- հայտնել է նա:

 

Պատգամավորը դժվարացել է նշել, թե իրենից բացի արդյո՞ք այլ պաշտոնյաներ ևս կայցելեն Հայաստան, թե ոչ. «Համոզված եմ` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն անպայման ներկա կլինի արարողությաը, սակայն կարծում եմ, որ ես կլինեմ Միացյալ Թագավորությունից ժամանած հիմնական ներկայացուցիչը»:

 

Իսկ «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիան դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը` Ուիթինգդեյլը պատասխանել է. «Ինչպես մյուս երկրները, Բրիտանիան անկասկած ճանաչել է փաստը, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կոտորածներ են տեղի ունեցել: Դուք ճիշտ եք, որ դեռ պաշտոնական ճանաչում չի եղել: Ներկայումս մենք ցանկանում ենք բարելավել հայ-թուրքական հարբերությունները: Իմ կարծիքով` դա անելու համար կարևոր է, որ մարդիկ ճանաչեն և ոգեկոչեն տեղի ունեցածը: Անկախ նրանից` դա պաշտոնական ձևակերպում կստանա կառավարության կողմից, թե ոչ: Անգամ պաշտոնական ճանաչման բացակայության դեպքում ակներև է, որ այդ երկրի կառավարությունը ընդունում է, որ տարիներ տևած պատերազմը և կոտորածները հանգեցրել են 1.5 մլն հայերի սպանության»:

 
1