ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Արցախի հետ կապված մի շարք ծրագրեր ունի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Արցախի հետ կապված մի շարք ծրագրեր ունի

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը Արցախի հետ կապված մի շարք ծրագրեր ունի

Օրերս Արցախ էր այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանը: Այցի շրջանակներում Գ. Կարապետյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: ԼՂՀ նախագահի հետ կայացած հանդիպման  ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող  մի շարք  հարցեր:

 

«Այս տարվա մարտին Հայաստանում տեղի է ունենալու Եվրանեստի լիագումար նիստը, եւ ներկայումս  այդ ուղղությամբ  մի շարք աշխատանքներ ենք տանում,- խոսելով ներկայումս ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախմբի կողմից տարվող աշխատանքների մասին՝ ասաց Գ. Կարապետյանը եւ հավելեց,-  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն այսօր գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով: Դրանցից հիմնականը Ցեղասպանության ճանաչումն է, Հայաստանի եվրոպական ինտեգրումը,  Արցախի ճանաչման խնդիրը, Ջավախքը, ինչպես նաեւ Սիրիայի հարցը: Իր ձեւով Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը պետական կառույցի նման է»:

 

— Արցախի ճանաչման հետ կապված ի՞նչ քայլեր են ներկայումս իրականացվում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի հանձնախմբի կողմից:

 

— Արցախի ճանաչման հետ կապված մեր անելիքները կապված չեն 100- ամյակի միջոցառումների հետ: Մենք մեր գործունեությունը ծավալում ենք այնպես, որ հավասարաչափ աշխատանքներ տանենք մեր օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղություններով: 

 

Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն Արցախի վերաբերյալ բավականին ծրագեր ունի: Ինչպես նախորդ տարի,  այս տարի եւս Եվրոպայում նշելու ենք Արցախի ամիսը, ինչը ավանդական բնույթ է կրելու: Այս տարի նախատեսվում է կազմակերպել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելությունն Արցախ: Ազգային ժողովների պատգամավորների այցելություն նույնպես կլինի 2015 թվականին: Փորձելու ենք նաեւ միջպետական մարմինների ղեկավարների այցելություն կազմակերպել: Բնականաբար, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախումբը  շարունակելու է իր գործունեությունն Ադրբեջանին դիմակազերծելու եւ ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:

 

— Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներից հանրության ուշադրությունը շեղելու համար Թուրքիան ձեռնարկեց Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը, միջոցառմանը մասնակցելու հրավերներ հղեց: Կանխատեսելի՞  էր արդյոք Թուրքիայի այդ քայլը եւ առհասարակ ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ:

 

— Նախ ասեմ, որ 100- ամյակի նախօրեին ժողովրդի մոտ հավելյալ պայքարի զարթոնք է նկատվում,  մարդիկ մեր կառույցներին օժանդակելու ցանկություն են հայտնում: Անգամ օտարների մոտ է առաջանում  հետաքրքրություն:

 

Չգիտեմ, թե որ երկրների ղեկավարները կնդունեն Թուրքիայի նախագահի հրավերը եւ կայցելեն Թուրքիա ապրիլի 24-ին, բայց ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Անգլիայի թագուհին ընդունել է Թուրքիայի նախագահի հրավերը եւ համաձայնել է մասնակցել  միջոցառմանը՝ զարմանք չի հարուցում: Հնարավոր է, որ թագաժառանգն էլ  Երեւան այցելի: Առհասարակ, այս պահին հստակ չէ, թե ով որտեղ կգնա: Կան մարդիկ, ովքեր անկախ այն հանգամանքից կլինե՞ր Գալիպոլի միջոցառումը, թե՞ ոչ, միեւնույն է Հայաստան չէին գալու:

 

Ինչ վերաբերում է Գալիպոլիի ճակատամարտին, ապա բոլորիս է հայտնի, որ Գալիպոլին չի սկսվել եւ չի ավարտվել մեկ օրում, եւ այդ օրը հաստատ ապրիլի 24-ը չի եղել: Թուրքիան նման կեղծ քայլի գնաց՝ հակազդելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

 

Տասնյակ տարիներով աշխատելով Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ թուրքերը մեզ են սկսել ճանաչել, մենք էլ՝ իրենց: Թուրքերի քայլերը մեր կողմից կանխատեսելի են:

 

— Տարեվերջին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի հանձնախումբը  հայտարարեց, որ տարվա մարդ է հռչակում ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին: Ի՞նչ հիմունքներով է կատարվել թեկնածուի  ընտրությունը եւ ի՞նչ առանձնահատկություններ պետք է ունենան մարդիկ, ովքեր հետագայում կկարողանան արժանանալ այդ կոչմանը:

 

—  ՀՅԴ  Հայ դատի Եվրոպայի գրասենյակը առաջին անգամ  նախաձեռնեց կայնքի կոչել նման հետաքրքիր ծրագիր, այն է՝ ամեն տարի մեկ հոգու հռչակել տարվա մարդ: Բնականաբար, տարվա մարդ կարող են հռչակվել նաեւ ոչ հայկական ծագում ունեցող մարդիկ: Մեր անդրանիկ նախաձեռնության արդյունքում Արթուր Աղաբեկյանն ընտրվեց տարվա մարդ:

 

Տարվա մարդ ենք ընտրել Արթուր Աղաբեկյանին, քանի որ հաշվի ենք առել մեզ համար շատ կարեւոր չափորոշիչներ, որոնք պետք է ունենան բոլոր այն անհատներն, ովքեր հետագայում կկրեն այդ կոչումը: Եւրոպայի Հայ Դատը տարվա մարդ է ընտրել նրան՝ հաշվի առնելով տվյալ մարդու անցած ճանապարհը, նրա վաստակը հայրենիքի կերտման, Արցախի ազատագրման գործում:  Հայաստանի բանակի վերակազման գործում նույնպես մեծ ներդրում է ունեցել Արթուրը:

 

Նա մինչ Արցախում պաշտոն ստանձնելն էլ էր  Արցախում գործունեություն ծավալում:   Արդեն երկու անգամ է, ինչ նրա նախաձեռնությամբ Ազգային վիճակախաղն է կազմակերպվում Արցախում, ինչը բնականաբար հաջողություն է ունենում: Ստացված հասույթն ուղղվում է երկրի վերականգնման գործընթացին:

 

Նրա շնորհիվ բացվեցին աշխատատեղեր եւ վերակենդանացվեց Արցախի մշակույթի մի ճյուղը՝ գորգագործությունը: Դա մի գործընթաց է, որն ունեցավ հաջողություն: Գորգագործության ծավալը գնալով մեծացավ, մասնաճյուղեր  բացվեցին շրջաններում: Մենք Սփյուռքում ականատեսը եղանք նրա հանդիպումներին, նրա շփումներին, որոնք անցնում էին տարբեր շրջանակներում: Չմոռանանք նաեւ Արաքսի հովտի ծրագիրը, որն ընթացքի մեջ է: Ի դեպ, մարտին կհանձնենք այդ կոչումը  Արթուր Աղաբեկյանին:

 

— Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ  եվրոպական երկրներում նոր գրասենյակներ եք նախատեսում բացել, ի՞նչ փուլում է այդ գործընթացը եւ արդյո՞ք ձեր աշխատանքերում ներգրավում եք երիտասարդներին: 

 

— Մենք կարեւորում ենք երիտասարդների ներգրավումը Հայ դատի հանձնախմբերում: Նախորդ տարի եվրոպական մի շարք երկրներում նոր գրասենյակներ ենք բացել եւ մինչեւ տարեվերջ 3-4 նոր հանձնախմբեր  կունենանք: Ամենակարեւորը՝ այդ հանձնախմբերի շուրջ երիտասարդներ են համախմբված:

 

Մեր հանձնախմբերի 60-70 տոկոսը երիտասարդներ են: Պետք է փորձենք ամբողջ Եվրոպայում մեր ցանցը տարածել, քանի որ սա մեր ուժն է՝ ի հակակշիռ  ադրբեջանա-թուրքական   միլիոնավոր դոլարների: Իրենք ունեն իրենց միլիոնները, վարձկանները, սակայն մենք ունենք  մեր գաղութները, մեր նվիրյալ հայերը եւ մեր արդար պայքար ունենալու իրավունքը:

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

 

1