Նա փրկվել է դժոխքից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նա փրկվել է դժոխքից

Նա փրկվել է դժոխքից

«Սումգայիթը 1915-ի շարունակությունն էր: Եթե յուր ժամանակ թուրքը ստանար իր արժանի հատուցումը, ապա 1988-ի փետրվարի ցեղասպանությունը չէր լինի:  Այո, ցեղասպանություն, ուրիշ բառով չեմ կարող բնութագրել Սումգայիթը. Դա ցեղասպանություն էր՝ գազանաբարո ազգին հատուկ կանոններով ու ձևերով… »,- Վարյա Ավետիսյանի ձայնը մերթ դողում, մերթ զգաստանում է, դառնում բողոք.

 

«Ականջիս առ այսօր հնչում է նրանց լկտի ոռնոցը՝ մա՛հ հայերին… Ապշում ես, երբ այսօր այդ ուրացող ազգը հանդգնում է նաև կեղծել պատմությունը, ժխտել, մոռանալ սեփական ձեռքերի արյունը, դեռ մի բերան էլ հակառակը գոռալ, աղավաղել ճշմարտությունը, թոզ փչել աշխարհի աչքերին, այսպիսի վարքագիծ երևի միայն թուրքն ու ադրբեջանցին կարող են ունենալ»…

 

Տիկին Վարյան պատմության ուսուցչուհի է, աշխատում է Ստեփանակերտի թիվ 6 դպրոցում: 1988-ի փետրվարի 28-ին ընտանիքով մի կերպ փրկվել են Սումգայիթից, եկել Ղարաբաղ, հաստատվել այստեղ, նոր կյանք սկսել: Երկու զանակների մայր է:

 

Ամուսինը՝ Ալեքսանդր Պետրոսյանը, գործի է անցել Ստեփանակերտի կաթի կոմբինատում և նրան՝ որպես փախստականի ու նաև որպես Աֆղանստանի կռվի մասնակցի, կոմբինատի կողմից բնակարան է տրամադրվել, որտեղ առ այսօր, ամուսնու մահից հետո, բնակվում է տիկին Վարյան եւ իր որդին. «Հիշողությունը ցավ է , բայց ցավի մասին էլ հաճախ պետք է խոսել,- ասում է և ավելացնում,- մեր բախտը բերեց, մենք փրկվեցինք, քանի որ քաղաքի ծայրամասերից էր սկսվել հայերի ջարդը, իսկ մենք կենտրոնում էինք բնակվում, սակայն հաճախ, երբ խոսվում է Սումգայիթի զոհերի մասին, սիրտս կուչ է գալիս կսկիծից, ակամայից սկսում եմ ինձ մեղավոր զգալ այն բանի համար, որ մենք փրկվեցինք, իսկ նրանք՝ ոչ, չէ ո՞ր նրանք էլ մեզ պես ծնող էին, զավակներ ունեին, նրանք էլ ապրելու իրավունք ունեին»… Տիկին Վարյան խոնարհում է աչքերը, որպեսզի  արցունքները  թաքցնի, և մի պահ տիրում է լռություն: Լռության մեջ ցավն է թանձրանում՝ դառը հիշողության ցավը: Հեշտ չէ նորից դառնալ անցյալին, հասկանում եմ, բայց խոսել պետք է. պետք է այն պարզ պատճառով, որ հայն ուղղակի իրավունք չունի լռելու. մի՞նչև երբ ատամներդ սեղմած լռել ու սպասել, չէ՞ որ ճշմարտությունը թաքնվելու կարիք չունի, այն բողոքի ու պահանջի զանգ է ի լուր աշխարհի…

 

«Փետրվարի 28-ին պիտի գայինք Ղարաբաղ, հայրս նոր էր մահացել, ուզում էինք ներկայանալ քառասունքին,- պատմում է տիկին Վարյան,- ամուսինս վերադարձավ կայարանից ու ասաց, որ Ղարաբաղ տանող մեքենա չի գտել: Հաջորդ օրը լուրեր ստացանք, որ քաղաքի ծայրամասերում հայերի հանդեպ անողոք ջարդ է սկսվել, որ թալանում, խոշտանգում ու բռնաբարում են: Չէինք  ուզում հավատալ, բայց իրականում հասկանում էինք, որ բոլորս նույն բախտին կարժանանանք, եթե մի կերպ չփախչենք: Ամեն ինչ նախօրոք էր ծրագրված, օր առաջ կապի բոլոր միջոցները կտրված էր, գործարանները՝ փակված, որպեսզի այնտեղ աշխատող հայերին տանը գտնեն ու հեշտ լինի գործը նպատակին հասցնելը: Լսել էինք նաև, որ հայ դարբիններին պատվիրել էին երկաթե երկար ձողեր պատրաստել, իսկ նրանք բանից անտեղյակ սարքել էին…

 

Փետրվարի 27-ին դուրս եկա պատսգամբ ու տեսա, որ ներքևում ամբոխ է հավաքվել, մարդիկ իրար էին խառնվել, աղմկում էին: Հրապարակից ձայներ էին հնչում՝ մա՜հ հայերին, մա՜հ: Սիրտս դողում էր, ամեն ինչ պարզ էր: Երեկոյան հարևան  տարեց մի կին, ով ազգությամբ ռուս էր, եկավ մեր տուն:

 

«Վտանգը սաստկանում է, մի՞թե  չեք հասկանում, պիտի փախչեք մի կերպ, քանի դեռ ուշ չէ»,- ասաց ու առաջարկեց տեղափոխվել իր մոտ:  Այդ օրը ընտանիքով գիշերեցինք ռուս կնոջ տանը: Գիշերվա ժամը չորսին  հարևան թուրք կինը ծեծեց դուռը, առաջարկեց օգնել մեզ, ասաց, որ մեքենա կա մեզ տեղափոխելու համար, ուզում է լավություն անել, խնդրեց որ չհրաժարվենք: Անորոշությունից բթացել էինք, չգիտեինք, թե ինչ պատասխանել:

 

Չեմ հիշում ինչպե՞ս համաձայնեցինք, ինչպե՞ս մեքենա նստեցինք, կարծես մի ակնթարթ տևեց դա: Մեքենայում մոր 14 հոգի էինք, շարժվելու տեղ չկար, մեզ հետ մի ընտանիք էլ կար, հայի ընտանիք էր, նույն շենքում էր բնակվում: Մեքենայի վարորդը թուրք կնոջ քրոջ տղան էր, կողքին՝ նրա կնոջ եղբայրն էր, որ օգնում էր մեքենան վարելիս: Ճանապարհին վարորդը ժպիտով ասաց՝ ձեր բախտն էլ մեր ձեռքերում է: Լռեցինք, վախենում էինք բառ անգամ արտասանել, քարացած աչքերով նայում էինք ճանապարհին ու չէինք հասկանում դեպի փրկությու՞ն, թե՞ դեպի կործանում է տանում այն: Չգիտեմ, թե ո՞ր ժամին հասանք Բինա, որտեղ թուրք վարորդի ընտանիքն էր ապրում:

 

Մայրը՝ խոժոռ դեմքով մի կին, մեզ դիմավորեց քթի տակ թուրքերն ինչ-որ բան խոսելով: «Հայ են չէ՞, ինչու՞ եք օգնում, թողեք կոտորվեն…»,- կողքի սենյակից, այս անգամ բարձրաձայն, լսվում էր մոր նախատինքը:

 

Կեսգիշերին մեկը եկավ մեզ օգնող թուրք տղաների հետևից, եկողը ջղայնացած էր, թե ինչու՞ առանց զգուշացնելու, թողել-հեռացել են:. Խոսակցությունից հասկացանք, որ մեզ փրկել, բայց գնում էին միանալու քաղաքում մնացած հայերի սպանդին…

 

Ահ ու սարսափի մեջ մնացինք մինչև առավոտ: Առավոտյան ամուսինս, որ ոտքով հասել Բինա/մեքենայում տեղ չկար/, շտապեց օդանավակայան՝ տոմս գնելու:

 

«Մի՞թե փրկված ենք»,- մտածում էի արդեն Երևան տանող օդանավում: «Իսկ մնացածնե՞րը, ի՞նչ բախտ ունեցան նրանք»,- այս միտքը ծակում էր ուղեղս, արցունքս սառել էր, անզգայացել էի… »:

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1