Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձի հարցը փակված է. ԼՂՀ պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձի հարցը փակված է. ԼՂՀ պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպին

Ադրբեջանցի դիվերսանտների վերադարձի հարցը փակված է. ԼՂՀ պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով որակեց ԱՄՆ Պետդեպի կոչը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին:

 

Ի պատասխան հարցի, որ եթե ադրբեջանական կողմը դիմի, հնարավո՞ր է դիվերսանտների հետվերադարձ, Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց. «Չեմ կարծում, դա հնարավոր չէ, մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք»:

 

Հիշեցնենք, որ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին կրկնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը՝ դիվերսանտներին մարդասիրական դրդապատճառներով Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին և ավելացրել. «Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև»:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

 

Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով որակեց ամերիկյան կողմից առաջարկը՝ ասելով, որ  շատ ավելի կարևոր հարցեր կան, սակայն ադրբեջանական կողմը կենտրոնացել է այս հարցի վրա։

 

«Նույն Ադրբեջանը, որ հերոսացնում է Սաֆարովին, բայց չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել, իսկ հիմա ադրբեջանական լոբբին անընդհատ ինչ-որ փորձեր է անում: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, անդրադառնալով Նուլանդի՝ Բաքվում արած հայտարարություններին, Դավիթ Բաբայանը կասկած էր հայտնել, թե ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Նուլանդի խոսքը և կեսկատակ ավելացրել, որ պատրաստ են նրանից մեկին փոխարինել Սաֆարովի հետ:

1