ԼՂՀ ՊԲ-ն կատարել ու կատարում է իր առջեւ դրված խնդիրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ՊԲ-ն կատարել ու կատարում է իր առջեւ դրված խնդիրը

ԼՂՀ ՊԲ-ն կատարել ու կատարում է իր առջեւ դրված խնդիրը

<<Պաշտպանության բանակը 2014 թվականին կատարել է իր առջեւ դրված խնդիրը,   այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը>>,- նախօրեին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը:

 

ՊԲ նախարարի խոսքերով՝ 2014 թվականին լուրջ քայլեր են ձեռնարկվել մարտական հերթապահության պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Կատարելագործվել է սպառազինության համակարգը, բարձրացվել է զորքի մարտունակության աստիճանը:

 

Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ հակառակորդի կողմից սահմանին աճող լարվածությունը մի քանի պատճառ ունի. <<Մեր գնահատմամբ՝ հակառակորդն ընտրել է երկարատեւ, հյուծող պատերազմի մեթոդը՝ ունենալով մի քանի նպատակներ: Առաջին՝ ցանկացած տեղում հային վնաս պատճառել՝ հասկանալով, թե ինչ արձագանք է ունենում մեր կորուստները հասարակության մեջ, երկրորդ՝ ներքաշել Հայաստանն ու Արցախը սպառազինության մրցավազքի մեջ, երրորդ՝ ներազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և նպաստել արտագաղթին, չորրորդ՝ հաշվետվություն ներկայացնել սպառազինության ձեռք բերման համար ծախսած գումարների համար, հինգերորդ՝ վարժել սեփական զորքերը և շանտաժի ենթարկել միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծմամբ>>: 

 

ՊԲ նախարարը տեղեկացրեց, որ գործողությունների վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման գործողություններն իրականացվել են մեկ ստորաբաժանման միջոցով: Դա հակառակորդի 062 հատուկ նշանակության բրիգադն է, որը պատրաստություն է անցել Թուրքիայում: Այն մինչեւ օրս գտնվում է հանձնման գործընթացում, եւ  այդ ստորաբաժանման պատրաստման  համար բավական մեծ գումարներ են ծախսվել: Նախարարի հավաստմամբ՝  հակառակորդի մնացած եւ ոչ մի ստորաբաժանում դիվերսիոն ներթափանցման գործողություններին չի ընդգրկվել, ինչը խոսում է այն մասին, որ նրանց մյուս ստորաբաժանումները պատրաստ չեն ԼՂՀ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն:

 

Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին ՊԲ-ն նոր տեխնիկական հագեցվածությամբ է ապահովվել: Այդ նոր տեխնիկան հնարավորություն է տալիս նախօրոք իմանալ հակառակորդի մտահղացումը եւ համապատասխան միջոցառումներ իրականացնել դրանք կանխարգելելու ուղղությամբ:

 

<<Մեր բանակի մարտունակության աստիճանը եւ մարտական ոգին բարձր է, եւ մեր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խնդիր կատարելու>>,- հավաստիացնում է ԼՂՀ ՊԲ նախարարը եւ հավելում, — մենք այլեւս պատասխան գործողություն չենք իրականացնում. մենք իրականացնում ենք այն, ինչ որ պլանավորել ենք, ինչը տալիս է իր դրական արդյունքը: Մենք երբեւէ հակառակորդի ետեւից չենք գնալու, բայց կանխելու ենք հակառակորդի մտահղացումները>>: 

 

1