Երիտասարդ զույգը ցանկանում է, որ իրենց քայլը վարակիչ լինի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երիտասարդ զույգը ցանկանում է, որ իրենց քայլը վարակիչ լինի

Երիտասարդ զույգը ցանկանում է, որ իրենց քայլը վարակիչ լինի

Գրեթե երկու տարի առաջ սոցցանցերում բավականին մեծ արձագանք գտավ երիտասարդ մի զույգի ամուսնության պատմությունը: Այդ զույգը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանզի ամուսնանալուց անմիջապես հետո նրանք պատրաստվում էին մշտական բնակություն հաստատել Արցախի գողտրիկ վայրերից մեկում՝ Քարվաճառում:

Մասնագիտությամբ լրագրող Թամարա Գրիգորյանը, ով ծնունդով Վանաձորից է եւ  պատմաբան Դավիթ Եղիազարյան, ով  Երեւանից է,  ինչպես իրենք են պատմում, պատահական հանդիպել են Երեւանում կազմակերպված Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերի մասին դասընթացների ժամանակ:

«Համալսարանում ուսանելու առաջին իսկ տարիներից, մասնագիտության բերումով, պարբերաբար առնչվել եմ Արցախի հիմնախնդրին, Արցախի ազատագրված տարածքների թեմային: Երրորդ կուրսում էի սովորում, երբ մի քանի  դասախոսություն լսեցի  Արցախի ազատագրված տարածքների ռազմավարական կարեւորության  եւ այն մասին, թե որքան թերբնակեցված են այդ տարածքները: Հենց այդ ժամանակ ինձ մոտ միտք հղացավ ապրել Արցախի ազատագրված որևէ տարածքում:

Ինձ անչափ դուր եկան Քարվաճառի մասին պատմող լուսանկարները: Այդ լուսանկարներն ինձ մոտ վերածննդի, նոր էջից ինչ-որ բան ստեղծելու զգացողություններ արթնացրեցին: Ու հենց այդ ժամանակ ես հասկացա, որ այնտեղ անելիքները շատ են, այնտեղ իմ կարիքը կա: Բնականաբար, այդ ժամանակ դա ընդամենը երազանք էր:

Հետո, երբ սկսեցի Դավիթի հետ ընկերություն անել, պարզվեց, որ Դավիթն էլ նման երազանք ունի եւ չէր պատկերացնում, որ այն կարող է մի օր իրականություն դառնալ: Դավիթը պատմաբան է եւ  ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը: Մի օր` 2011-ին, երբ մենք հյուր եկանք Քարվաճառ, այցելեցինք  Քանանյան Ալեքսանդրի տուն, հենց այդ ժամանակ հստակ որոշեցինք, որ պետք է ապրենք Քարվաճառում»:

Թամարի խոսքերով՝ քանի որ վերջին տարիներին Քարվաճառում  վերաբնակեցման ծրագիր չկա եւ նոր տներ չեն կառուցվում, բնականաբար, զույգը սկսում է մտածել սեփական միջոցներով տուն կառուցելու մասին. «Երբ 2012 թվականին նորից Դավիթի հետ այցելեցինք Քարվաճառ, պարզվեց, որ Քարվաճառի դպրոցում պատմության ուսուցչի կարիք կա, եւ Դավիթը որոշեց աշխատանքի ընդունվել դպրոցում: Դպրոցում Դավիթի աշխատանքի ընդունվելու հանգամանքն ասես Աստծո կամոք էր, եւ մենք որոշեցինք չհետաձգել մեր տեղափոխվելը»:

Պսակադրությունից  3 օր հետո  զույգը տեղափոխվում է Քարվաճառ՝ մշտական բնակության. «Սկզբում ապրում էինք Ալեքսի տանը, որից հետո մեզ համար ընտրեցինք ավերակ եւ սկսեցինք կառուցել մեր տունը,- ջերմ ժպիտով պատմում է Թամարան,- մեր տան կառուցման համար որոշ անհատների կողմից եղել են օժանդակություններ, ինչը բավական չէր ամբողջ տունը կառուցելու համար: Մենք մեր գումարներն ենք ներդրել եւ հիմա էլ շարունակում ենք ներդնել, որովհետեւ մեր տան շինարարությունն ավարտին հասցնելու համար դեռ բավականին գործեր կան:  Այսօր տանիք ունենք, պատերը կան, մնում է ներքին հարդարման գործերը եւ այդքանը բավական է, որ մենք  մեր կյանքը սկսենք մեր նորակառույց տանը»:

Թամարի եւ Դավիթի ծնողները հենց սկզբում լուրջ չեն վերաբերել՝ տեղեկանալով, որ իրենց զավակները Քարվաճառ տեղափոխվելու ցանկություն ունեն. «Իմ եւ Դավիթի ծնողները շատ վատ ընդունեցին մեր Արցախ տեղափոխվելու որոշումը,-հիշելով արդեն անցյալում մնացած օրերը՝ պատմում է Թամարան,- սկզբում չէին հավատում, հույս ունեին, որ չենք գա, հետո հույս ունեին, որ չենք դիմանա: Չեմ կարող ասել, թե մինչեւ հիմա հաշտվել են մեր որոշման հետ, բայց հիմա նրանց վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ է:

Մեր ծնողները չէին պատկերացնում, թե մենք ուր ենք գնում, նրանց ամենից շատ այդ անորոշությունն էր անհանգստացնում: Այսօր Հայաստանում շատ քչերը գիտեն Քարվաճառի մասին: Դա նրանց համար մի անորոշ աշխարհ է: Ես կարծում եմ, որ եթե մեր ծնողներն հասկանային այս  տարածքների կարեւորությունը, երեւի նման ռեակցիա չէին ունենա: Իսկ հետո ավելի հանգստացան: Մորս գերել է  Քարվաճառի բնությունը, նա խոստացել է այս գարնանը գալ եւ օգնել մեզ հող մշակելու գործերում»:

Թամարա Գրիգորյանը մինչ Քարվաճառ տեղափոխվելն  աշխատում էր Times.am լրատվական կայքում, իսկ Քարվաճառ տեղափոխվելուց հետո նույն լրատվական կայքում նյութեր է հրապարակում Քարվաճառի մասին:  Միաժամանակ թղթակցում է «Նոր Շահումյան» թերթին եւ Արցախի հանրային ռադիոյին: Սակայն իր հիմնական աշխատանքն է համարում Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում աշխատանքը, որտեղ երեխաներին ուսուցանում է անգլերեն:

«Քարվաճառ տեղափոխվելով՝ շատ բան փոխվեց իմ կյանքում: Քարվաճառում կյանքի տեմպը շատ դանդաղ է: Ես չեմ կարող համեմատել Քարվաճառն ու Երեւանը, դրանք կարծես տարբեր աշխարհներ լինեն: Քարվաճառում ես շատ բան սովորեցի: Առաջինը սովորեցի համբերել, սովորեցի ինքնուրույն շատ բաներ անել, այստեղ կարող է խանութը մի օր փակ լինի եւ դու ստիպված պետք է հաց թխես:

Սովորեցի փայտ կտրել եւ նման շատ բաներ: Ակամայից սովորեցի ցանկացած իրավիճակում կարողանալ ինքնուրույն դուրս գալ, ինչը շատ կարեւոր է: Ինձ դուր է գալիս, որ առանց զգուշացնելու կարող են քո տուն հյուրեր գալ, Երեւանում նման բան չէր լինում: Այստեղ մարդիկ իրար հետ կապված են, եւ բոլորը հնարավորինս իրար օգնում են:

Հիմա  ավելի շատ շփվում եմ երեխաների հետ: Ես նրանց եմ շատ սիրում, նրանք էլ՝ ինձ: Ես ինձ Քարվաճառում օտար չեմ զգում: Քարվաճառն իմն եմ համարում, Քարվաճառի հոգսերն էլ են իմը»:

Իսկ բոլոր այն երիտասարդ զույգերին, ովքեր ցանկանում են գալ եւ բնակություն հաստատել Արցախում, Թամարան խորհուրդ է տալիս անպայման գան Քարվաճառ, որովհետեւ Քարվաճառում իրենց կարիքը կա: «Այն երիտասարդ զույգերը, ովքեր  ցանկանում են բնակություն հաստատել Քարվաճառում, խորհուրդ եմ տալիս, որ  լավ գիտակցեն, թե ու՞ր են գնում եւ ինչու՞:

Եթե մինչ իրենց այստեղ գալն իրենք լավ չեն կշռադատել իրենց այդ որոշումը, ապա նրանք այստեղ պարզապես չեն դիմանա: Երբ կա գիտակցում, ցանկացած դժվարություն շատ հեշտ է թվում: Ամենակարեւորը՝ շատ լավ գիտակցեն, հաշվարկեն ու նոր գան»:

Թամարայի խոսքերով՝ երբեմն եղել են հուսահատության պահեր. «Եթե երբեւէ ունեցել եմ հուսահատության պահեր, ինչը յուրաքանչյուրի հետ լինում է, երեխաների հետ շփվելուց, նրանց հետ պարապմունք անցկացնելուց հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում,- պատմում է Թամարան եւ մեծ ոգեւորությամբ նշում, որ իրենց ընկերներից շատերն են ոգեւորվել  Քարվաճառ տեղափոխվելու հանգամանքով եւ ցանկություն են հայտնել նույնպես տեղափոխվել Քարվաճառ,-երբ մենք դեռ նոր էինք տեղափոխվել, ընկերուհիներիցս մեկն էլ եկավ ու մեկ տարի Մանաշիդ գյուղում անգլերեն դասավանդեց:

Հետո վերադարձավ Երեւան, ստացավ ավարտական վկայական ու քանի որ նրա սիրտը Քարվաճառում էր, վերադարձավ եւ  Դադիվանք գյուղի դպրոցում 1 տարի անգլերեն դասավանդեց: Ճիշտ է՝ հիմա նա Երեւանում է, բայց, կարծում եմ,  կվեադառնա ու կմնա Քարվաճառում»:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Դավիթը համեստորեն լռում էր: Նա միայն նշեց, որ Քարվաճառ պետք է գան խելացի ու բանիմաց մարդիկ, քանզի ազատագրված հայրենիքին նման մարդիկ են պետք: Ի դեպ, բացի այն, որ Դավիթը դպրոցում դասավանդում է պատմություն, նա նաեւ Քարվաճառի բնակիչներին օգնում է եւ վերանորոգում է նրանց համակարգիչները:

Դավիթի եւ Թամարի տունն այնքան ջերմ էր, որ անգամ անսվաղ պատերն աչք չէին զարնում: Զույգը շատ ծրագրեր ունի, ոչնչից չեն դժգոհում: Իրենց հաշվարկներով, սեփական աշխատավարձը հավաքելով՝ մի քանի տարիների ընթացքում ծրագրում են տան պատերը սվաղել: Գրեթե երկու տարի տունը հատակ չունի, բայց ամենակարեւորը Դավիթի եւ Թամարի շնորհիվ Քարվաճառի ավերակներից մեկը վերականգնվել է:

Դավիթի եւ Թամարի հետ զրուցելու ամեն մի պահի ինձ համար մի նոր բացահայտում էի անում: Եւ հերթական զարմանքս եղավ այն, որ երիտասարդ զույգի ներկայիս երազանքը ոչ թե շուտափույթ միջոցներ հայթայթելն ու  իրենց սեփական տան վերանորոգումն է, այլ՝ գտնել մասնագետներ եւ միջոցներ, որպեսզի Քարվաճառում զբոսայգի կառուցվի:

«Մենք մեր ապագան Քարվաճառում ենք տեսնում եւ ուզում ենք մեր քայլը վարակիչ լինի»,-սա էր երիտասարդ զույգի խոսքը, որը նաեւ պատգամ է:

Անի ԱԶԱՏՅԱՆ

1