Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր երեկոյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախ այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ եւ  Անջեյ Կասպշիկին:

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ եւ դրսեւորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին եւ տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որեւէ ձեւով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու եւ նրա անվտանգությունը հետեւողականորեն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

 

 Նախագահի հետ մեկ ու կես ժամ տեւած հանդիպումից հետո համանախահագները չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախ այցելությունը նրանց տարածաշրջան կատարած այցի շարունակությունն է. <<Մենք եղել ենք Բաքվում, որտեղ հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ, որտեղ քննարկել ենք  սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը: Մենք Ադրբեջանում մեր մտահոգությունն ենք  հայտնել սահմանին տիրող իրավիճակի մասին:

 

Հայաստանում հանդիպել ենք ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, որտեղ  նույնպես խոսել ենք հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: Իսկ այսօր կայացած հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը հայտնել է իր մոտեցումներն ու գնահատականներն իրավիճակի հետ կապված >>:

 

Համանաախագահները վաղը պատրաստվում են հանդիպել Արցախի զինվորականների հետ, որից հետո կմեկնեն Երեւան եւ հանդիպում կունենան ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

 

Արցախի Նախագահի մոտ կայացած հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ  պաշտոնատար այլ անձինք:

1