ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ամփոփել է անցած տարվա աշխատանքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ամփոփել է անցած տարվա աշխատանքները

ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ամփոփել է անցած տարվա աշխատանքները

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը ԼՂՀ տարածքում կառուցվող, վերանորոգվող, վերակառուցվող թվով 202 օբյեկտներում իրականացրել է ստուգումներ եւ  քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար թվով  15 կազմակերպությունների  նշանակվել է տուգանք` 750,0  հազ. դրամ  գումարի չափով:  Այս մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Նախարարի տված տեղեկությունների համաձայն ՝  ԼՂՀ պետական բյուջեում 2014թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 11200,0 մլն դրամ, որը  դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14246,86 մլն դրամ կամ լրացուցիչ ֆինանսավորվել է 3046,86 մլն դրամ:

 

2014 թվականի ընթացքում,  նախարարության կողմից համապատասխան հայտերի     սահմանված կարգով քննարկումից հետո, 36 կազմակերպությունների տրամադրվել է քաղաքաշինության բնագավառի  36 լիցենզիա: Դադարեցվել է  27 կազմակերպությունների  31 լիցենզիաների գործունեությունը:  Տարբեր հարկատեսակներով ԼՂՀ պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 2,3 մլրդ դրամ գումար:

 

<< Քաղաքաշինությունը յուրաքանչյուր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, որի կայուն զարգացումը նպաստում է երկրի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը:  Քաղաքաշինության ոլորտը դասվում է առանցքային ոլորտների թվին և շատ դեպքերում սոցիալական, տնտեսական և տեխնիկական խնդիրների լուծմամբ վճռում է ամբողջ տնտեսության զարգացումը,- իր խոսքում նշեց Կարեն Շահրամանյանը եւ հավելեց,-    քաղաքաշինության բնագավառում իրականացվող քաղաքականությունը նպատակ է հետապնդում ապահովելու բնակավայրերի կայուն զարգացում` մշակելով և իրականացնելով շինարարության, ճարտարապետության և շինինդուստրիայի ծրագրեր>>:

 

Նախարարի տված տեղեկությունների համաձայն՝  ավարտվել են Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման, Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող գրասենյակի վերակառուցումը մանկապարտեզի շենքի, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի և Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի մանկապարտեզների շենքերի  կառուցման աշխատանքները:

 

Ընթացքի մեջ են Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի N 1 նրբանցքում գտնվող առանձնատան վերակառուցումը 32 տեղանոց մանկապարտեզի շենքի, Հադրութի շրջանի Ուխտաձոր և Ազոխ գյուղերի, Մարտունու շրջանի  Ծովատեղ, Կարմիր Շուկա, Նորշեն գյուղերի նոր դպրոցական շենքերի  և Կարմիր Շուկա գյուղի դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքները, Մարտակերտի շրջանի  Թալիշ գյուղի և Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի ու Կումայրի գյուղի դպրոցների  շենքերի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները, Շուշիի  շրջանի  Շուշի քաղաքի Բեկոր- Աշոտ փողոցում ագրարային համալսարանի համար նախատեսված նախկին հանրակացարանի շենքի վերակառուցման աշխատանքները:

 

<<Շարունակվում են նաև Վիլյամ Սարոյան փողոցի N 1 բնակելի շենքի առաջին  հարկի վերակառուցումը մանկապարտեզի, Ասկերանի շրջանի Սարուշեն և Ավետարանոց  գյուղերի մանկապարտեզների, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի և Տումի գյուղի  մանկապարտեզների շենքերի կառուցման աշխատանքները>>,-նշեց նախարարը եւ փաստեց, որ միաժամանակ Ստեփանակերտ քաղաքի թվով 6 դպրոցներում կառուցվել են ամառային տաղավարներ` նախադպրոցական տարիքի երեխաների հանգիստը հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով:

 

Ընթացիկ տարում ԼՂՀ տարածքում իրականացվել են նաև մի շարք դպրոցների և մանկապարտեզների մասնակի վերանորոգման, դրանց կահավորման և գույքով ապահովման աշխատանքները, որի գումարը կազմել է 192,049 մլն դրամ:

 

Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ են նաև Շուշի քաղաքի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի, Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ  հաստատության շենքերի կառուցման աշխատանքները:

 

<<Ղարաբաղ  Տելեկոմ>> ՓԲԸ ֆինանսական միջոցներով Ստեփանակերտ քաղաքում <<ԹՈՒՄՈ>> ուսումնական կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին:

 

1