Հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ

Հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ

Ինչպես գրում է  ՀՅ Դաշնակցության Բյուրոյի պաշտոնական կայքը, ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը նախօրեին հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։

 

Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։

 

Մասիս Աբրահամյանը ներկայացրել է հոլանդահայության սպասումները Հոլանդիայի կառավարությունից՝ Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։

 

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրում է, որպեսզի 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվեն Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակի առթիվ հարգելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Սակայն հայ ժողովուրդը հատկապես ապասում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրներից, որ կապահովեն իրենց ներկայությունը։

 

Դրանից բացի հոլանդահայության համար չափազանց կարևոր է կառավարության բարձրաստիճան ներկայությունը այստեղ՝ Հոլանդիայում կազմակերպվող միջոցառումներին։

 

Պարոն Վերբոմը հայտնել է, որ ստացել են պաշտոնական հրավեր Հայաստանից, սակայն դեռ որոշում չի կայացվել այցելության վերաբերյալ։ Նույնպես քննարկվում է կառավարության մասնակցության հարցը այստեղ տեղի ունեցող միջոցառումներին։ Այս դեպքում նույնպես առայժմ հստակություն չկա։

 

Պարոն Աբրահամյանը խոսել է թուրքական քարոզչամեքենայի նոր խարդավանքների մասին կապված Գալիբոլիի ճակատամարտի հարյուրամյակը ապրիլի 24-ին նշելու հայտարարության մասին։ Երբ Հոլանդիայի կառավարությունը պարբերաբար նշում է երկկողմ բանակցությունների մասին, արդյո՞ք կառավարության մոտ կա հստակ պատկերացում Թուրքիայի վերաբերյալ, որպես բանակցող կողմի։

 

Հայ Դատի հանձնախմբի կարծիքով Հոլանդիայի կառավարությունը ավելի հետևողական պետք է գտնվի 2004 թվականի Ռաուֆուտի բանաձևի պահանջների իրականացման մեջ։ Որքան հստակ լինի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, այնքան պարզ կլինեն Թուրքիային ներկայացվող պահանջները։ Հակառակ պարագային, հեղեղուկ կեցվածքի դեպքում թուրքական կառավարությունը կշարունակի իր մերժողականության և կեղծարարության քաղաքականությունը։

 

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր կապված Թուրքիայի երկդիմի և կողմնակալ քաղաքականության հետ, մասնավորապես Արցախի պարագայում։

 

Արտգործնախարարության պատվիրակությունը ուշադրությամբ լսել է և խոստացել բարձրացված բոլոր հարցերը փոխանցել արտգործնախարարին։

 

Պարոն Աբրահամյանը հույս է հայտնել, որ ներկայացված խնդիրները, որոնք ոչ միայն Հոլանդիայում ապրող, այլ նաև ամբողջ հայության ակնկալիքներն են, անպատասխան չեն մնա։

1