Կայացավ կառավարության անդրանիկ նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կայացավ կառավարության անդրանիկ նիստը

Կայացավ կառավարության անդրանիկ նիստը

Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը, որը նախագահում էր Արցախի Հանրապետության նախագահը: Կառավարության անդրանիկ նիստը նվիրված էր  2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:

 

Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ նախագահ Սահակյանը  անդրադարձ կատարեց 2014թ. քաղաքական զարգացումներին եւ նշեց 2015 թվականի կարեւորագույն անելիքներն ու աշխատանքները:

 

Բ. Սահակյանը 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքները  գնահատեց բավարար. <<Չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երեւույթների եւ աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների եւ սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում>>,- իր խոսքում նշեց նախագահ Սահակյանը:

 

Կառավարության ղեկավարն անդրադարձ կատարեց նաեւ  չլուծված խնդիրներին եւ անելիքներին՝ընդգծելով, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:

 

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:

 

Իր հերթին վարչապետ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ չնայած 2015 թվականն ավելի ծանր տարի է լինելու, սակայն հնարավոր ամեն բան արվելու է հանրապետությունում ամեն տարի գրանցվող տնտեսական աճն ապահովելու  եւ կառավարության 2015 թվականի նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար::

1