Երիտասարդ իրավաբանի կարծիքը Գյումրու դեպքերի վերաբերյալ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երիտասարդ իրավաբանի կարծիքը Գյումրու դեպքերի վերաբերյալ

Երիտասարդ իրավաբանի կարծիքը Գյումրու դեպքերի վերաբերյալ

Գյումրիում կատարված ոճրագործության շոււրջ ծագած որոշ իրավական  հարցերի մասին aparaj.am-ը զրուցեց արցախցի երիտասարդ իրավաբան Վահե Հարությունյանի հետ:

 

— Սպանությունից հետո հանցագործին փնտրում էին ոչ միայն հայ իրավապահները, այլև զինված ռուս զինվորականները: Արդյո՞ք նրանք իրավասություն ունեին հայկական քաղաքի մեջ զինված քայլելու, փնտրելու հանցագործին:

 

— Նախ պետք է ասեմ, որ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է ոչ միայն իրենց իսկ բնակարանում մահացած ընտանիքի հարազատների, գյումրեցիների, այլև` ողջ հայ ժողովրդի համար:

 

Ինչ վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությունից հետո կատարված իրավական գործողություններին, ապա պետք է ասեմ, որ դա լիակատար խարնաշփոթ է հիշեցնում: Անհասկանալի բաներ շատ եղան, նամանավանդ` իրավական տեսանկյունից:  Նախ նշենք, որ զենք-զինամթերքով դասալքություն կատարած անձի մասին, որը ժամերով շրջում էր Գյումրիում, ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը հայկական իրավապահ մարմիններին որևէ կերպ չի հայտնել մինչև հանցագործության մասին իմանալը:

 

Այնուհետև, իրոք, մենք ականատես եղանք, որ սպանությունից հետո հանցագործին փնտրում էին ոչ միայն հայ իրավապահները, այլև զինված ռուս զինվորականները:  Միգու՞ցե ռուս զինվորականները <<ստացել են>> նման իրավասություն, համենայն դեպս, գործող պայմանագրերի համաձայն, նրանք այդ իրավունքը չունեին և այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել:

 

— Ի՞նչ կարծիք ունեք հանցագործին հայ-թուրքական սահմանին ձերբակալման ու ռուսական ռազմաբազա տեղափոխելու մասին:

 

— Ոճրագործության օրը, ուշ երեկոյան հայտարարվեց, որ հանցագործը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնվել՝ 102-րդ ռուսական ռազմաբազային, ինչով և խախտվել է ռուսական ռազմաբազայի վերաբերյալ միջազգային պայմանագիրը, որի համաձայն՝ ռուսական սահմանապահ զորքերը պարտավոր են սահմանի խախտման փորձ կատարած անձանց հանձնել հայկական իրավապահ մարմիններին: Ինչու՞ է դա կատարվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա ու որևէ պաշտոնական պարզաբանում նույնպես բացակայում է:

 

— Այսօր կարծես հայկական իրավապահ մարմինների հնչեցված յուրաքանչյուր հայտարարություն տարակուսանք  է առաջացնում հայ հասարակության մեջ: Ինչպե՞ս դա կպարզաբանեք:

 

— Նախ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունն անհասկանալի հայտարարություն տարածեց, որով հղում էր կատարվում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, համաձայն որի՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի քաղաքացիների և հիմք ընդունելով օտար երկրի Սահմանադրություն՝ նշեց, որ այն անհնարին է դարձնում Պերմյակովին հայկական կողմին հանձնելը: Նման կոպիտ սխալը երկրի գլխավոր դատախազության կողմից վրդովմունք առաջացրեց հայ հասարակության մեջ:

 

Առաջին հերթին, անհասկանալի էր, թե ի՞նչ հիմքով է մեր երկրում կիրառվում օտար երկրի իրավական դրույթները, երկրորդ՝ ի՞նչ հանձնման մասին է խոսվում, եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: Պարզապես, այստեղ ոչ թե պետք է խոսվի հանձնման մասին, այլ պահանջվի, որպեսզի ռուսական կողմը կատարի պայմանագրով իր վրա դրված պարտականությունները, այսինքն՝ սահմանախախտին հանձնի Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինններին:

 

Իսկ վերջին ժամանակներս հնչեցվող այն հիմնավորում, որ հանցագործը կդատվի Հայաստանի տարածքում, պարզապես կարելի է համարել իրավական նոնսենս, քանի որ իրականում իրավագիտության մեջ կարևոր չէ, թե աշխարհագրական որ դիրքում է դատվում հանցագործը, այլև թե որ երկրի իրավական նորմերն  են կիրառվում,  որ երկրի օրենքով է հանցագործը պատժի ենթարկվելու: ՀՀ իրավապահ մարմիններն այս հարցի շուրջ պիտի հետամուտ լինեն բոլոր իրավական նորմերի կիրառմանը, որպեսզի ժողովուրդն անվստահություն չհայտնի:

 

 Ակնհայտ է, որ առաջացել են լուրջ իրավական խնդիրներ, ինչպե՞ս են նման դեպքերում կարգավորվում իրավական հարցերը:

 

— Միջազգային իրավունքով և միջազգային պրակտիկայով համապատասխան մեխանիզմներ են նախատեսված, որոնցից մեկը հենց միջազգային համապատասխան պայմանագրի կնքումն է, ինչն այս դեպքում առկա է: Անդրադառնալով կոնկրետ տեղի ունեցածի արդյունքում առաջացած խնդիրներին՝ պետք է ասել, որ իրականում որևէ իրավական խնդիր չպետք էր առաջանար, քանի որ արդեն նման հարցերը կարգավորելու համար կա համապատասխան իրավական բազա:

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի  4-րդ հոդվածում նշվում է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների  կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը եւ գործում են ՀՀ պատկան մարմինները: Կարծես թե այս դրույթը պետք էր կարգավորեր ամեն ինչ, սակայն, չգիտես՝ ինչու՞, չի օգտագործվում:

 

Անհրաժեշտություն չկա անդրադառնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը, քանի որ ինքնին ամեն ինչ պարզ է, հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացու նկատմամբ, հանցագործը ձերբակալվել է ՀՀ տարածքում, ուստի և պետք է նաև պատժվի ՀՀ օրենսդրության շրջանակներում, իսկ Հայաստանի իրավապահ մարմինների  և ողջ Հայաստանի Հանրապետության պարտականությունն է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի պատժի ենթարկել:

 Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, որին հղում է կատարել ՀՀ գլխավոր դատախազությունը,  ապա նրա 15-րդ հոդվածում նշված է, որ միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները և Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերը համարվում են նրա օրենսդրության բաղկացուցիչ մասը: Եթե Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով սահմանվում են այլ կանոններ, քան նախատեսված է օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի կանոնները: Նման նորմ նախատեսված է նաև ՀՀ Սահմանադրությամբ:

 

Այսինքն` այս դեպքում խախտվում է նաև ՌԴ Սահմանադրությունը: Իսկ ՌԴ  Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ կետում նշում է. <<Ռուսաստանի Դաշնությունում չի թույլատրվում հանձնել  այլ պետություններին անձանց, որոնք հետապնդվում են քաղաքական հայացքների համար, ինչպես նաև գործողության (կամ անգործության) համար, որոնք Ռուսաստանի Դաշնության կողմից հանցագործություն չեն համարվում: Անձանց արտահանձնումը, որոնք մեղադրվում են հանցագործության կատարման մեջ, ինչպես նաև դատապարտվածների հանձնումն այլ երկրում պատիժը կրելու համար, կատարվում է դաշնային օրենքի կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրի հիման վրա>>:

 

Այս դեպքի հետ կապված՝ ավելի մանրամասն բնութագրվում է ՌԴ քրեական օրենսգիրքը, որի 12-րդ հոդվածի 2-րդ կետը նշում է. <<Ռուսաստանի Դաշնության զորամասերի զինծառայողները, որոնք տեղակայված են Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, օտար երկրի տարածքում գործած հանցագործության համար, սույն օրենսգրքով քրեական պատասխանատվություն են կրում, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով>>, իսկ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածը ասում է. <<Օտար երկրի տարածքում հանցագործություն կատարած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այդ պետությանը հանձնման ենթակա չեն>>:

 

Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ հստակ կարգավորված է տվյալ դեպքի առնչությամբ ծագած իրավահարաբերությունները` 12-րդ հոդվածով հատուկ կարգավիճակ տալով արտերկրում զինծառայություն անցնող զինվորականներին: Բացառում է նրանց հանդեպ 13-րդ հոդվածի կիրառումը:  Ուսումնասիրելով ՌԴ օրենսդրությունը՝ միակ բանը, որ պետք էր գործեր այս դեպքում, ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ ռուսական պայմանագրի հայտնի 4-րդ կետն է. այլ բան չի կարելի կիրառել` այն հակասում է ոչ միայն ՀՀ, այլև՝ ՌԴ օրենսդրությանը:

 

— Իսկ ի՞նչ կասեք այն վերաբերյալ, որ հանցագործը կատարել է նաեւ զինվորական հանցագործություն:

 

— Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, որ Պերմյակովը նաև կատարել է զինվորական հանցագործություն` դասալքություն և այլն, ապա զինվորական հանցագործության մասով գործը կարող են քննել ռուսական իրավապահ մարմինները, իսկ սպանության ու սահմանի հատման փորձի մասով՝ միայն ու միայն Հայաստանի Հանարապետության իրավապահ մարմինները, նամանավանդ, որ  դա նախատեսում է միջազգային պայմանագիրը, ՀՀ օրենսդրությունը, ինչպես  նաև ՌԴ քրեական օրենսգրքը:

 

<<Ապառաժ>>

 

1