Հայ կինն էլ զինվոր է…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ կինն էլ զինվոր է…

Հայ կինն էլ զինվոր է…

Արմինեն բացում է ընտանեկան հին ալբոմը: Աչքերը կանգ են առնում հարսանեկան լուսանկարին:Կարոտը խոնարհվում է լուսանկարին: Կարոտը ստիպում է ժպտալ…Լուսանկարում Արմինեն ուրիշ է, ավելի ճիշտ՝ աչքերն են ուրիշ՝ լի անբացատրելի այն փայլով, որ ունենում են երջանիկ կանայք…Պատերազմ եւ երջանկություն…

Արմինեն հիշում է հարսանիքի օրերը: Երկու օր, երկու գիշեր հարսանիք արեցին:Պատերազմ էր: 1992թվականի հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, թեեւ առանց զուռնա դհոլի,  բայց թնդում էր Արգամի եւ Արմինեի  հարսանիքը: Ագոն դեմ էր, որ հարսանիքին երգ-երաժշտություն հնչի: ‹‹Ամեն օր ընկերներ ենք կորցնում, ահեղ մարտեր են, որդեկորույս մայրեր…Բեկորը չկա, առանց նրա ես ո՞նց հարսանիք անեմ››,-անընդհատ կրկնում էր: Սակայն մի թաքուն միտք կրծում էր ուղեղը. ‹‹Իսկ գու՞ցե վաղն էլ ես չլինեմ, ո՞վ գիտե իր ճակատագիրը…Պետք է գոնե մի ժառանգ թողնեմ››:

Հարսանիքի առաջին օրն անցավ առանց երգ ու պարի, երկրորդ օրն ընկերները հորդորեցին ու Արգամը մի կերպ համաձայնեց, որ սովորական մագնիտոֆոն միացնեն…

Արմինեն մի պահ կանգ է առնում, հիշում է հարսանիքի տեսագրության մասին: Պահարանից հանում է հարսանիքի տեսագրությունը: Միացնում է: Զինվորները պարում են ազգային երգերի ներքո՝ ասես ի հեճուկս պատերազմի: Նրանց շարքերում ծանոթ  դեմքեր են: Նրանցից շատերն այսօր չկան: Արգամը զինվորական համազգեստով է, կրծքին՝ ճերմակ վարդ:  Զինվորն ամեն տեղ, ամեն ժամի զինվոր է:

‹‹Ես զինվորական հագուստս չեմ փոխի եւ զենքս վայր չեմ դնի, մինչեւ Արցախն ազատ չտեսնեմ››,- Արմինեն հիշում է Արգամի խոսքերը:

Հարսանիքի ներկաների շարքում Քերոլայն Քոքսն է, ով Արցախյան պատերազմի տարիներին յուր բարի կամքն ու օժանդակությունը ցուցաբերեց պայքարող ժողովրդին: Բոլոր բաժակաճառերում երջանկության մաղթանքներ են…Բոլոր բաժակաճառերը խոսում են Արցախի ազատության նվիրական երազանքի մասին…

Ամուսնու կենսագրությունն Արմինեն պատմում է թաքուն մի հպարտությամբ, որ ինչքան էլ փորձում է թաքցնել, մեկ է՝ աչքերը մատնում են հիացմունքը:  Եվ , իրավ, հերոսներով պետք է հպարտանալ, քանզի նրանք ամեն օր չէ, որ ծնվում են: Նրանք ծնվում են ժամանակի ու պատմության հրամայականով, ապրում են՝ հայրենիքի հավատամքով՝ իրենք էլ չգիտակցելով, որ կերտում են այն փառավոր պատմությունը, որ սերունդների համար պիտի հպարտություն դառնա:

Արգամ Հարությունյանին շատ հաճախ ընկերները կոչում են Շոշի Ագո՝ հայրենի գյուղի անունով: Այս անվան տակ ամփոփված է մի ամբողջ մարտական կենսագրություն: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու,միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը: Ագոն առաջիններից էր, ով զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը:

Նա հասկանում էր, որ զենքի խնդիր կա , ուստի լծվում է զենք հայթայթելու վտանգավոր գործին: Ագոն կազմակերպում, հիմնադրում է ենթաշրջանի  մի քանի գյուղերի միացյալ ջոկատը՝Շոշի ջոկատ անվամբ: Շոշի ջոկատը մասնակցում է Տողի, Սարիշենի, Քարին տակի, Մալիբեյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Աղդամի,Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի  եւ շատ այլ մարտերի:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցություն է ցուցաբերում, աչքի ընկնում իր կազմակերպվածությամբ, հմտությամբ ու մարտունակությամբ:

Ագոյի ջոկատն աչքի է ընկնում նաեւ Բերդաձորի եւ Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

Ագոն քայլ առ քայլ կերտում էր իր մարտական  ուղին, որ Արցախի հերոսական էջերից է: Ականատեսները պատմում են՝ նա խուսափում էր տեսախցիկներից ու լուսանկարիչներից: ‹‹Որևէ մեկը չփորձի ինձ նկարահանել կամ նկարել. չեմ սիրում եւ վերջ ››,-ասում էր. ո՞վ կարող էր շեղվել նրա խոսքից:

Զարմանալի է, որ բոլոր իրական հերոսներն այդպիսին են, նրանք խուսափում են էկրաններից,նրանք գովեստներ ու գովազդներ չեն սիրում… նրանց անունն արդեն իսկ պատմություն է:

1992-ին Արգամ Հարությունյանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մեկը մյուսին: Նրանց միասնությունն արդեն հաղթանակ էր ինքնին…

Մարտական ընկերները պատմում են, որ Ագոն մի առիթով ասել է.‹‹Ես չեմ վախենում թուրքի գնդակից, ինձ կամ թիկունքից կարող են կրակել կամ էլ՝ ականի պայթունից կարող եմ զոհվել››: Այդպես էլ եղավ…

1994-ի մարտի 8-ը ոչ միայն Արմինեի, այլեւ ողջ Արցախ աշխարհի համար մահաբեր բոթ բերեց: Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից. ավելի ճիշտ՝ անմահացավ, քանզի հերոսները չեն ընկնում, նրանք լոկ անմահանում են: Ագոյի 26 գարունները երբեք-երբեք չեն թառամի…

Ագոն ՀՅԴ անդամ էր: Նրա յուրաքանչյուր քայլը հավատարիմ էր իր որդեգրած գաղափարին, իսկ գաղափարն այդ ոչ այլ ինչ է, քան նվիրում առ հայրենիք:

Հետմահու, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Արգամ Հարությունյանն արժանացել է ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի եւ ‹‹Շուշիի ազատագրման համար››  շքանշանների: Նրա անունը հավերժացնող հուշակոթող է կանգնեցվել հայրենի Շոշի գյուղամիջում, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը:

Ագոյի մարտական ընկեր Արկադի Կարապետյանը մի առիթով ասել է. ‹‹Ագոն մեր ազգի սյուներից է: Բառեր չեմ գտնում նրան նկարագրելու, միայն կասեմ, որ նա ոչ միայն մարտական ընկեր էր, զինվոր եւ զորավար, այլ նաեւ քաղաքական գործիչ…Ագոն ամեն օր իրեն զոհաբերում էր….››:

Ագոն երազում էր արու զավակ ունենալ, եւ Երկնայինը ի կատար ածեց նրա փափագը: Արմինեն արու զավակ շնորհեց, որին կոչեցին հայրական պապի՝ Սերգեյի անունով: Սերգեյն ընդամենը 7 ամսական էր, երբ զրկվեց հորից: Ագոն այդպես էլ չհասցրեց ճաշակել երազանքի բերկրանքը:

 Սերգեյն այսօր, բնականաբար, չի հիշում հորը, ապրում է մոր, հարազատների,  հայրիկի մարտական ընկերների հիշողություններով. իսկ այդ հիշողություններն այնքան շատ են, այնքան հարուստ, որ ստեղծում են սիրելի հոր անմիջական, անկեղծ, խիզախ, բոլորանվեր կերպարը:

Արմինեն, որպես առաքինի հայուհի, թեկուզ մենակ, բայց պատվով է մեծացրել որդուն, որպեսզի նա Ագոյի եւ նրա նմանների արժանի սերունդը լինի եւ գիտակցի, որ հայն ազգովի զինվոր է, քանզի հայի համար պատերազմները երբեք չեն ավարտվում…

2011 թվականին Արմինեն անդամագրվեց Արցախի Հայ օգնության միությանը: ‹‹Հայ կինն էլ զինվոր է յուրովի,-ասում է Արմինեն եւ ավելացնում,- միշտ համակրանքով եմ հետեւել ՀՕՄ-ի մարդասիրական, բարեսիրական աշխատանքներին եւ պատահական չէ, որ որոշեցի անդամագրվել ՀՕՄ-ին››:

2013 թվականին  Արմինեն ընտրվեց ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի, եւ ինչպես ինքն է ասում ՝ իր համար սա ամենամեծ կոչումն է:

‹‹Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար››. սա է ՀՕՄ-ի կարգախոսը: Այս կարգախոսով էլ արդեն ավելի քան մեկ դար միությունը մեծ դեր է ստանձնել Հայրենիքում եւ Սփյուռքում՝ դառնալով Հայրենիք-Սփյուռք միասնության մի ամուր օղակ…

Արմինեն սեղան է բացում: ‹‹Այս տուն մտնողն առանց հացի չի հեռանա:Սա մեր օջախի կանոնն է››: Ես ժպտում եմ եւ միաժամանակ հետեւում նրա փութաջան շարժումներին: Որքան անկեղծ են նրա խոսքն ու շարժումները, որքան ուժ ու եռանդ կա այս կոտրված, բայց կանգուն, այս նուրբ, բայցեւ ամուր, հաստատակամ կնոջ մեջ:

Պատերազմը խլեց նրա երջանկությունը, սակայն չկարողացավ կոտրել պայքարելու ոգին: Նա իր մեջ ուժ գտավ հաղթելու ցավը, ուժ գտավ ամուր հենվելու , կանգնելու , քայլելու այն հողի վրա, որ ազատագրվեց Ագոյի ու ագոների արյան գնով: Ամուսնու կորուստը նա մխիթարեց որդու՝ Սերգեյի անսահման սիրով՝ նրա ամեն մի շարժման, ամեն մի խոսքի , դիմախաղի մեջ նորից ու նորից վերգտնելով ամուսնուն:

‹‹Նոր տարվա նախօրեին ՀՕՄ-ուհիներով այցելել էինք Արցախի տարբեր զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, փոքրիկ նվերներ հանձնեցինք: Այսօր ամենամեծ գործը նրանք են անում,-ասում է,- թող ամեն ոք քնելուց առաջ աղոթի սահմանը հսկող զինվորների համար. աղոթի այնպես, ինչպես իր հարազատ զավակի համար կաղոթի…Աստված ուժ տա նրանց բազկին…››:

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1