Գալիքին ընդառաջ՝ գալիքի գիտակցումով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Գալիքին ընդառաջ՝ գալիքի գիտակցումով

Գալիքին ընդառաջ՝ գալիքի գիտակցումով

Յուրաքանչյուր տարեվերջ  անցնող  տարվա ամփոփագիրն է, քանզի, որպես կանոն, ի մի են բերվում անցած տարվա հաջողություններն ու ձախողումները, կատարված աշխատանքներն ու այդ աշխատանքներից քաղված արդյունքները: Յուրաքանչյուր անցնող տարում, ինչպես միշտ, մի բան մնում է թերի կամ անկատար, որի ավարտն ակնակալվում է գալիք տարում: Այստեղ կարևորը նպատակասլացությունն  է:

 

Թե ինչպիսինն էր տարին  Արցախի համար  և ինչ սպասել գալիք տարուց՝ կարևոր է յուրաքանչյուրիս համար, քանզի յուրաքանչյուրս պարտավոր ենք հետաքրքրված ու շահագրգիռ լինել Արցախի խնդիրներով, ձեռքբերումներով ու զարգացման հեռանկարներով:

 

Անշուշտ, երկրում զգալի աշխատանքներ կատարվեցին տնտեսական, հատկապես՝ թեթև արդյունաբերության, ենթակառուցվածքների, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում, ինչն, իհարկե, ողջունելի է, սակայն այս ամենն ակնկալում է շոշափելի շարունակություն, հետևողական աշխատանքներ ու նոր ձեռքբերումներ, մանավանդ, որ գալիք տարին արդեն իսկ ունի իր մարտահրավերները:

 

2015-ն իր հետ բերում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մի թիվ, որ խոսում է հարյուրամյա ոճրագործության անպատժելիության, ուստի եւ՝  նորանոր ոճրագործությունների հավանականության մասին: Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հսկայածավալ աշխատանքներ են  կատարում  ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները, որոնց օրակարգային հարցն է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ դրանից բխող հատուցման պահանջը:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում  պահանջվում է համախմբվածություն ու միասնական պայքար՝ անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից: Սա ամեն մի հայի խնդիրն է, և  հարցի հաջող լուծման առաջին իսկ նախապայմանը մեր՝Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է: Սա է աշխարհին ներկայանալու մեր անքակտելի միասնությունը, իսկ միասնությունը միշտ էլ հաղթանակ է ծնել:

 

2014-ին ՀՅ Դաշնակցությունը դարձավ 124 տարեկան. տարիներ, որոնք խոսում են հայոց ավանդական կուսակցության ամուր հիմքերի ու ամուր գաղափարախոսության մասին: Տարիներ, որ վաստակ են բնորոշում, իրականացված  աշխատանքների   անհաշվելի հանրագումար, աշխատանքներ, որոնց ակունքը միշտ եղել ու մնում է հայ ժողովրդի բարօրությունը:

 

Ժամանակակից քաղաքական ու տնտեսական խմորումներում Դաշնակցության որդեգրած ուղեծիրը երբեք չի շեղվել: Այն միշտ տարել է դեպի համահայկական նպատակ, դեպի միասնական հայրենիք ստեղծելու և այդ հայրենիքում արժանավայել ապրելու հանգրվան:

 

Անուրանալի է ՀՅԴ դերակատարությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման  և, առհասարակ, Արցախն աշխարհին ներկայացնելու գործում: Այս հարցը ՀՅ Դաշնակցության օրակարգային հարցերից է, նրա հայրենանպաստ աշխատանքների բաղկացուցիչ ու անտարանջատելի մասը: Այս առումով՝ գալիք տարում շատ ու շատ աշխատանքներ են սպասվում, և, անշուշտ, ունենք շոշափելի արդյունքի ակնկալիք:

 

Թող 2015 թվականը հայության համար ձեռքբերումների մի նոր էջ բացի և յուրաքանչյուր ազգանպաստ մտահղացում, ծրագիր կամ գաղափար իրականություն դառնա: Միասնական լինենք գալիքին ընդառաջ քայլելիս:

 

 

 

 

Ապառաժի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

2014թ. դեկտեմբերի 31

 

1