ԼՂՀ ՎՊ-ն ներկայացրել է տրանսպորտային ոլորտի թերությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ՎՊ-ն ներկայացրել է տրանսպորտային ոլորտի թերությունները

ԼՂՀ ՎՊ-ն ներկայացրել է տրանսպորտային ոլորտի թերությունները

Այսօր ԼՂՀ վերահսկիչ պալատի նիստում ներկայացվեց ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից տրանսպորտի բնագավառում իրականացվող գործունեության եւ ‹‹Կենտրոնական ավտոկայան›› ՓԲԸ բաժնեմասի կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2014թ. հունվարի 1-ի դրությամբ նախարարության կողմից ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող ռազմավարական ծրագրեր չեն կազմվել եւ չեն հաստատվել:

 

Վերահսկողության ժամանակ արձանագրված արդյունքների համաձայն`նախարարության կողմից 2010թ. ստեղծված 8 փաթեթների մեջ ներառված 92 տարբեր երթուղիները 2013թ. ընթացքում գործել են, որոնց սպասարկման ցանցում ընդգրկված բնակավայրերի թիվը կազմել է 209՝  ԼՂՀ-ում բնակեցված 295-ի դիմաց:

 

Երթուղային ցանցում չընդգրկված 86 բնակավայրերից  41-ի սպասարկումը կազմակերպել են համապատասխան համայնքների ղեկավարները՝ ԼՂՀ կառավարության կողմից հատկացված ՈւԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենաներով:

 

45 բնակավայրեր մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը  ընդհանրապես չեն սպասարկվել՝ ցածր ուղեւորահոսքի, ճանապարհային վատթար պայմանների պատճառներով:

 

Վերահսկիչ պալատի աշխատակազմի երրորդ բաժնի  պետ Ա. Շմավոնյանի փոխանցմամբ՝  չի կարգավորվում միջանկյալ կանգառներում վարորդների կողմից ուղեւորների տոմսավորման, հաշվետվողականության մեխանիզմը. ‹‹Միջանկյալ կանգառներում տոմսավորում չի իրականացվում, այնինչ ավտոբուսներով ուղեւորների փոխադրումը պետք է իրականացվի միայն ուղեւորատոմսի հիման վրա››:

 

Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումները, թերությունները վերացնելու եւ հետագայում այդպիսիք բացառելու նպատակով՝ ԼՂՀ վերահսկիչ պալատը ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկեց հաստատել ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ռազմավարական ծրագրեր:

 

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ աշխատանքներ տանել միջանկյալ կանգառների տեղակայումն ապահովելու ուղղությամբ: Իսկ ‹‹Կենտրոնական  ավտոկայան››-ին  առաջարկեց աշխատանքներ տանել երթուղիների սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:

 

1