ԼՂՀ ՎՊ փաստում է՝ զբոսաշրջության ոլորտում խախտումները նվազել են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ՎՊ փաստում է՝ զբոսաշրջության ոլորտում խախտումները նվազել են

ԼՂՀ ՎՊ փաստում է՝ զբոսաշրջության ոլորտում խախտումները նվազել են

‹‹ԼՂՀ վերահսկիչ պալատը ‹‹Զբոսաշրջության զարգացման›› ծրագրով խախտումներ չի հայտնաբերել, բացառությամբ  այն հանգամանքի, որ  նոր տեղադրվող կամ նախկինում տեղադրված եւ սպասարկվող ավտոճանապարհների ցուցանակները հաշվառված չեն վարչության հաշվեկշռում››,- ամփոփելով ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության՝ պահպանման եւ ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքները`նշվել է   Վերահսկիչ պալատի այսօրվա նիստի ժամանակ:

 

Վերահսկիչ պալատի աշխատակազմի երկրորդ բաժնի պետ Հ. Ապրեսյանի ներկայացրած տեղեկության համաձայն՝ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգման են  ենթարկվել Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի, ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջային տարածքի եւ Տիգրանակերտ հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման ու բարեկարգման աշխատանքները:

 

‹‹ ‹‹Տիգրանակերտ›› հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման եւ ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են առանց տվյալ հուշարձանի տարածքում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվության՝ խախտելով ‹‹Պատմության եւ մշակույթի  անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին›› ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը,-նշել է Հ Ապրեսյանը եւ հավելել,- Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի վերականգնման եւ բարեկարգման, ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման որոշ աշխատանքների ծավալների վերահսկիչ չափագրման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել››: 

 

Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումներն ու թերությունները վերացնելու եւ հետագայում նման թերությունները  բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վերահսկիչ պալատը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել նորմատիվ բնույթ կրող իրավական ակտերը ‹‹Իրավական ակտերի մասին›› ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան գրանցման ուղղությամբ, ինչպես նաեւ ուժեղացնել վերահսկողությունը ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի կատարման, ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ:

 

Իսկ ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ին առաջարկել է հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ԼՂՀ օրենսդրությանը: Ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերումն իրականացնել գնումների մասին ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:

 

1