«Արվեստը սահմաններ չի ճանաչում» կարգախոսը Արցախի դեպքում գործում է երկակի ստանդարտներով. ԼՂՀ մշակույթի փոխնախարար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Արվեստը սահմաններ չի ճանաչում» կարգախոսը Արցախի դեպքում գործում է երկակի ստանդարտներով. ԼՂՀ մշակույթի փոխնախարար

«Արվեստը սահմաններ չի ճանաչում» կարգախոսը Արցախի դեպքում գործում է երկակի ստանդարտներով. ԼՂՀ մշակույթի փոխնախարար

Չնայած այն պնդմանը, թե արվեստը սահմաններ չի ճանաչում, սակայն շրջափակման մեջ գտնվող և դե յուրե չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում ամեն ինչ այլ է։ Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ-ի մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նկատեց, թե ցավոք, ինչպես այլ հարցերում, այստեղ էլ գործում են երկակի ստանդարտներ։ «Նույն Եվրոպան խոսում է մարդու իրավունքների մասին, սակայն փաստորեն մեր չճանաչվածությունն անընդհատ պատճառ բերելով՝ արցախցուն զրկում են իր մշակույթը ներկայացնելու իրավունքից»,- ասաց փոխնախարարը նշելով, թե իրենք տարբեր միջոցներով կարողանում են այդ պատնեշը հաղթահարել և ներկայանալի լինել ոչ միայն աշխարհի հայությանը, այլ նաև օտարերկրացիներին։

 

 

— Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստանում մշակութային կյանքը կենտրոնացել է մայրաքաղաքում և միայն խոսակցությունների մակարդակով է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է տեղափոխեն Գյումրի։ Ձեր դեպքում՝ գիտենք, որ մշակույթի նախարարությունը տեղափոխվել է Շուշի, ի՞նչ արդյունք է ունեցել նման տեղափոխությունը և այդ հարցում Հայաստանի հետ փորձի փոխանակման առիթ չկա՞։

 

 

— Ես մեր փորձը կարող եմ ներկայացնել և ասել, որ Ղարաբաղում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տեղափոխությունը Շուշի բավական խթանել է մշակույթի զարգացումը շրջաններում։ Կոնկրետ Շուշիում բավական նկատելի է, որ մշակութային կյանքն ակտիվացել է, Շուշին վերստացել է արվեստի ու արհեստի քաղաքի իր կոչումը։ Այստեղ են գործում կերպարվեստի թանգարանը, մեր պատկերասրահը, գործում է Շուշիի պատմության, կերպարվեստի և նաև մասնավոր միջոցներով գորգերի թանգարանը։ Ասեմ, որ արվեստի մյուս ճյուղերը նույնպես Շուշիում ներկայացված են, այնտեղ է գտնվում Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Գործում է մեկ արվեստի և երաժշտական դպրոցներ։ Շրջանների մեծ համայնքներում, մասնավորապես Մարտունու շրջանի Ճարտար, Հադրութի շրջանի Տող, Մարտակերտի Վանք գյուղերում նույնպես մշակույթի կենտրոններ են բացվել։

 

 

-Ասում են, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, Ղարաբաղի դեպքում ինչպե՞ս է, փակ սահմանները, չճանաչված լինելը որքանո՞վ են դժվարացնում Ղարաբաղը մշակույթը աշխարհին ներկայացելը։

 

 

-Ցավոք սրտի, այստեղ էլ գործում են այդ երկակի ստանդարտները, նույն Եվրոպան խոսում է մարդու իրավունքների մասին, սակայն փաստորեն մեր չճանաչվածությունն անընդհատ պատճառ բերելով՝ արցախցուն զրկում են իր մշակույթը ներկայացնելու իրավունքից։ Սակայն տարբեր ծրագրերի շրջանակներում մենք կարողանում ենք նաև այդ պատնեշը հաղթահարել և ներկայանալի լինել ոչ միայն հայությանը, այլ նաև օտարերկրացիներին։

 

 

-Իսկ ինչպե՞ս են ղարաբաղյան համույթները կամ անհատ ստեղծագործողը հնարավորություն ստանում ներկայացնել Ղարաբաղյան մշակույթը դրսում, կարողանո՞ւմ եք մասնակցել միջազգային փառատոններին։

 

 

-Այո՛, իհարկե, օրինակ՝ այս տարի մարտի 8-14-ը Արցախի մշակութային օրերն էի Լիբանանում և այնտեղ՝ «Արցախ» ֆոնդի հրավերով, հատկապես պատանի երաժիշտները ներկայացրել են իրնեց արվեստը։ Նաև «Արցախի ձայներ» համույթը Ֆրանսիայում և Իսպանիայում ելույթներ է ունեցել և ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների առաջ, այլ նաև օտարերկրացիների։ Մեր համույթները բավական ակտիվ են ՌԴ-ում, տարբեր միջազգային փառատոններին են մասնակցում և թե՛ հայ համայնքի հրավերներով, և թե՛ միջազգային տարբեր կազմակերպությունների։

 

 

— Իսկ երբ ԼՂՀ–ը այս կամ այն միջազգային հայտնի միջոցառումներին մասնակցելու հայտ է ներկայացում, կոնկրետ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժում։

 

 

— Չճանաչված լինելու հանգամանքն է մատնանշվում։ Բայց ասեմ, որ նույնիսկ լինում են դեպքեր, երբ օրինակ՝ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն մասնակցում այդ միջոցառմանը, այդ ժամանակ արդեն համապատասխան կազմակերպիչները թույլ են տալիս մասնակցենք և որպես Արցախ ներկայանանք, բայց լինում են դեպքեր, երբ ստիպված ենք ներկայանալ որպես ՀՀ-ից եկած համույթ։ Իհարկե, մենք մշակութային մեկ ընդհանուր դաշտում ենք գտնվում ՀՀ-ի հետ և այստեղ արդեն սահմանները և մեր վարչաքաղաքական տարբերակումները չեն գործում, քանի որ պարզ է՝ Հայաստան աշխարհը մեր բոլորիս հայրենիքն է, այնպես որ այդ բոլոր խնդիրները միասն ենք փորձում հաղթահարել։ 

 

 

— Ադրբեջանի մշակութային յուրացման քաղաքականության հարցում ինչպիսի՞ վերաբերմունք եք ցուցաբերում, հայտնի է, որ մշակութային ժառանգության հարցում ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշումները անմիջապես մշակութային փոքրիկ պատերազմների առիթ են դառնում, ինչպես օրինակ՝ հայկական լավաշի դեպքում էր։ Կոնկրետ Ադրբեջանի նման քաղաքականությունը կանխելու համար ի՞նչ քայլեր են արվում։

 

 

-Ադրբեջանի յուրացման քաղաքականությունը, առավել ևս Արցախի պարագայում՝ կապված է թե՛ մեր ոչ նյութական ժառանգությանը, և թե՛ նյութական մշակութային ժառանգությանը։ Ամեն առիթի մեր հուշարձանները և մեր արցախյան ավանդական խոհանոցը ներկայացում են ադրբեջանական, ու իբր այնտեղի եկած հայերի կողմից յուրացված։Օրինակ՝ ամբողջ աշխարհը ճանաչում է Արցախն իր ժենգյալով հացով, բայց ադրբեջանական կայքերում հոդվածներ են տպագրվում, իբր ժենգյալով հացն իրենցն է, և յուրացրել ենք իրենցից, այնինչ ժենգյալով հացը երկրագործական մշակույթ ունեցող ժողովրդին բնորոշ կերակրատեսակ է, և քոչվորները չէին կարող ինչպես լավաշ, այնպես էլ ժենգյալով հաց ունենալ։

 

 

 

Ընդհանրապես Շուշիում տարածված ավանդական կերակրատեսակները ներկայացնում են որպես ադրբեջանական, ինչպես նաև հուշարձանները, երաժշտությունը, պարարվեստը։ Մեր խնդիրն է շարունակել ստեղծագործել և մեր քաղաքականությունն ուղղված է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում հանրահռչակմանը՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ է ասում կամ ինչպիսի քաղաքականություն է վարում։

1