Մարտին Ալոյան. թատրոնի մարդը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Մարտին Ալոյան. թատրոնի մարդը

Մարտին Ալոյան. թատրոնի մարդը

Մարտին Ալոյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններից է՝ հանդիսատեսի կողմից սիրված: Վերջերս դերասանն արժանացավ ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման:

 

Շնորհավորելով նրան արժանի կոչման կապակցությամբ՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Մարտին Ալոյանի հետ  մեր հարցազրույցը:

 

 Ինչպե՞ս եղավ  Ձեր  մուտքը  թատերական աշխարհ:

—  Տաս տարեկան էի, երբ 1967 թվականի հայտնի իրադարձությունների պատճառով  ընտանիքս տեղափոխվեց Երեւան: Ուսում առա Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում : Որոշել էի՝ եթե չկարողանամ դերասան դառնալ, ապա կընտրեմ գրականության ուսուցչի մասնագիտությունը: Ավարտական քննությունների ժամանակ էր, երբ իմացա, որ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ղարաբաղյան կուրս է բացվելու՝ հատուկ Ստեփանակերտի թատրոնի համար: Որոշեցի ուժերս փորձել: Ինստիտուտի մոտ հանդիպեցի հայտնի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին, ով այդ ժամանակ Ստեփանակերտի թատրոնի տնօրենն էր:

 

Մի խումբ ղարաբաղցիների հետ ես էլ ընդգրկվեցի այդ խմբի մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով կուրսը չստեղծվեց: Գուրգեն Գաբրելյանն ու պրոֆեսոր Արտաշես Հովսեփյանը , ստուգելով իմ ընդունակությունները, խորհուրդ տվեցին տեղափոխվել Ստեփանակերտ՝ պետթատրոնում որպես դերասան աշխատելու համար, իսկ հաջորդ տարի  ընդունվել դերասանական բաժին:

 

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենահաջողված բեմելը:

 

— Սպասում եմ այդ օրվան…Բայց կան դերեր, որոնք  շատ եմ սիրել ու որոնց համար շնորհակալ եմ: Դրանք են՝ Արամաշոտ Պապայանի <<Գնա մեռիր, արի սիրեմ>> պիեսի բեմականացումը, որտեղ խաղում էի  Դավիթի դերը, <<Վարազդատ>>-ում՝ Վարազդատի դերը, վերջերս Ռուզաննա Խաչատրյանի  բեմադրված <<Ծննդյան օրերը սինյոր Կոպելլոյի տանը>> ներկայացման մեջ Կոպելլոյի դերը: Այս դերերն ինձ  շատ հոգեհարազատ են: 

 

-Գիտենք, որ պատերազմի տարիներին միառժամանակ թողել եք թատրոնն ու մասնակից դարձել Արցախի ազատագրմանը: Դժվա՞ր չէր արդյոք նորից թատրոն վերադառնալը:

 

— Արցախյան պատերազմից հետո ՝ 1994թվականին, ցանկացա նորից վերադառնալ թատրոն, սակայն բանակի հրամանատարությունը թույլ չտվեց զորացրվելու՝ սպայական անձնակազմի եւ մասնագետների պակասի պատճառով: 2007 թվականից եղել եմ պահեստազորի սպա, աշխատել եմ նաեւ <<Halo Trust>>-ում՝ որպես ականազերծող: Թատրոնի տնօրինությունը, իմանալով, որ ավարտել եմ  ծառայությունս, հրավիրեց թատրոն: Այդ ժամանակ թատրոնի տնօրենն էր արձակագիր Կոմիտաս Դանիելյանը: Նա ինձ հարցրեց, թե կկարողանա՞մ նորից վերադառնալ թատրոն: Պատասխանս միանշանակ էր՝ ավելի լավ, քան երբևէ:  Եվ վերադարձա:

 

Եթե համեմատական անցկացնենք մինչպատերազմական եւ այժմյան արցախյան թատերական կյանքի միջեւ, Ձեր կարծիքով՝ ի՞նչն է փոխվել, ի՞նչ խնդիրներ կան :

 

— Այն ժամանակ ավելի ուժեղ ստեղծագործական անձնակազմ կար, միայն վեցից ավելի ժողովրդական դերասաններ կային՝ Մարգո Բալասանյան, Բենիամին Օվչյան, Մամիկոն Միքայելյան եւ ուրիշներ: Շատ բան սովորեցի Մամիկոն Միքայելյանից ու Բենիամին Օվչյանից: Նրանք իմ վարպետներն էին:

 

Այն ժամանակ  ավելի հաճախ էին ներկայացումներ բեմադրվում, թատրոնը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում էր: Հիմա նույնը չեմ կարող ասել…

  

Ի՞նչն է այսօր պակասում արցախյան թատրոնին:

 

-Թատրոնին հիմա պակասում է թատրոն, նկատի ունեմ՝ թատրոնի շենք չունենալը: Ինչպես նաեւ ներկայացումների ֆինանսավորման խնդիր ունենք:

 

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Արցախի երիտասարդությունը մասնակից լինում թատերական կյանքին:

 

— Հիմա մեծահասակներն ավելի քիչ են հաճախում թատրոն, քան երիտասարդները: Երիտասարդների մոտ ակտիվություն է նկատվում:

 

Ի՞նչ խորհուրդ կտայիք ժամանակակից արցախցի երիտասարդին:       

 

-Ժամանակակից արցախցի երիտասարդները խորհրդի կարիք չեն զգում, նրանք լավ գիտեն իրենց անելիքը, կարողանում են ժամանակին կողմնորոշվել: Միայն մի բան կարող եմ ասել նրանց՝ երբ որոշում եք մի բան անել, երբեք մի հետաձգեք, կարող է պատահի, որ հաջորդ օրն արդեն ուշ լինի:

 

Մարտին Ալոյանի գործընկերները պատկառանքով են խոսում նրա մասին՝ շեշտելով  պարզ ու շիտակ մարդկային կերպարի մասին: Երիտասարդ դերասանուհի Նունե Դավթյանը նշում է.<< Ես հնարավորություն ունեցա բեմում լինել  Մարտին Ալոյանի խաղընկերը եւ  ոչ միայն հիանալ նրա խաղով, այլեւ, որպես սկսնակ ու երիտասարդ դերասանուհի, ստեղծագործական ու մասնագիտական դասեր քաղել նրանից: Նա մի մարդ է, ում կարելի է բնութագրել երկու բառով, եւ դրանով ամեն ինչ ասված է՝  կյանքում եւ բեմում անկեղծ մարդ>>:

 

Հարցազրույցը՝ Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ

 

1